2012-ին Լոս Անջելեսում լույս է տեսել պարականոն մի վեպ «Փրկության բանալին» խորագրով։ Հրատարակչության հանձնարարականում ասվում է, որ «այս վեպը կառուցված է իրական-պատմական և գրական-գեղարվեստական իրադարձությունների հիմքի վրա» և ներկայացնում է «արդի քաղաքակրթությանը հուզող ամենահրատապ հարցը. կործանվո՞ւմ է արդյոք աշխարհը և մի՞թե չկա փրկություն»։
Այստեղ է վեպի գաղափարը։ Որևէ անակնկալ դիպված չի տրոհում սյուժեի «իրական պատմական և գրական գեղարվեստական» կառույցը՝ ձևաբանելով մի գեղեցիկ ուտոպիա գիտաֆանտաստիկ այլաբանությամբ։ Անակնկալը հեղինակի անունն է՝ Արտեմ Սարգսյան, ԳԱ թղթակից անդամ, հայտնի լեզվաբանն ու մշակութային գործիչը, և այժմ ահա գրող-վիպասանի երևույթը նրա տաղանդի հնարավորություններում։
Ամեն բան սկսվեց սովորական դիպվածից։ Վիեննայի արվեստների պատմության թանգարանի աշխատակից Հանս Վերֆելին երազում այցի է գալիս մի խորհրդավոր ծերունի, նույն ինքը առասպելական Նոյը և ավետում, թե «վաղը դու դառնալու ես մեծահարուստ անձնավորություն, եթե հիշես այս թվերը, որ հիմա կասեմ քեզ և գնես վիճակախաղի գոնե մեկ տոմս» (10)։ Երազն ալեկոծում է Վերֆելի ներաշխարհը, և նա փորձում է անհավանականը ներդաշնակել երազանքին՝ հոգու տագնապները տոգորելով «ռեալ, իրական և կախարդական հեքիաթային զգացումներով»։ Եվ կատարվում է հրաշքը, իրականանում է երազը, և Հանս Վերֆելը միանգամից դառնում է միլիարդատեր։ Դառնում է ու հայտնվում փաստի առաջ՝ ինչպես տնօրինել հսկայական հարստությունը, ինչ ուղղություն տալ իր կենցաղավարությանը՝ նմանակել օլիգարխ-տերերի շվայտ ապրելաձև՞ը, թե՞ ընտրել հանրօգուտ նվիրումի մի այլ գործելակերպ։ Հանս Վերֆելն ընտրում է երկրորդը, ինչը պատշաճ էր իր ընտանիքի ավանդակեցությանը։ Սակայն Նոյն ու Նոյի երկիրը ինչ-որ էական բան հուշում էին աշխարհի կործանման իր մտածումների վերաբերյալ, և այն մասին, թե ինչու Նոյը հատկապես իրեն ընտրեց երազային տեսիլքի գուշակությամբ։ Եվ առեղծվածն ուղղություն է տալիս նրա որոնումներին։ Սկիզբը Վիեննայի Մխիթարյանների գրադարանի պահոցներում գտնվող ձեռագրերի ուսումնասիրությունն էր, որոնց միջոցով Հանս Վերֆելը ձգտում է «հնագույն վկայություններով» ստուգել Երկիր մոլորակին վիճակված աղետների ու քաղաքակրթության կործանման վերաբերյալ վարկածները և հատկապես «հետազոտել հին հնդկական, եգիպտական տեքստերն ու մայաների սուրբ գրքերում պահպանված վկայությունները» (34)։ Եվ ինքը, որ ամբողջ կյանքում ապրել է համաձայն Ավետարանի պատվիրանների, ականատես է, որ «մարդկությունը հեռացել է ավետարանական պատվիրաններից և մխրճվել մեղքերի ու այլասերման անուղղելի ճահճի մեջ։ Այդ են վկայում Սուրբ գրքի մարգարեությունները, որոնք հավաստում են մարդկությանը չարիքից փրկելու Աստծո պատվիրանը. «Եվ Աստված ասաց Նոյին, բոլոր մարմինների վերջը եկել է իմ առաջին, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավություններով է լցված, և ահա ես նրանց պիտի փչացնեմ երկրի վրա» (57)։ Բայց միթե նույն աղետալի վիճակում չէ արդի մարդկությունը. «Որ կողմ թեքվում ես՝ շորթում, կողոպտում, կոռուպցիա ես տեսնում... Ապրելու ախորժակն էլ է վերանում»։
Նոյի առասպելը հավատ էր ներշնչում Վերֆելին, ու նա մտորում է, թե «Նոյը ինչ-որ չափով արդարացրեց Աստծո վստահությունը», ինքը կարո՞ղ է ինչ-որ բան անել «ապագա վտանգից մարդկությանը զերծ պահելու համար...»։
Ես հանգամանորեն ներկայացնում եմ վեպի հերոսի մտահղացումների արգումենտը, քանզի այստեղ է կազմավորվում հայտնության նրա գաղափարն ու գործունեության ծրագիրը. «Նոյը հորդորեց ինձ մեկնել հենց այստեղ՝ հենց այստեղից սկսել մարդկության փրկության ուղիների որոնումը» (59)։
Առաջին այցը Արմենիա և Արարատ լեռան վկայությունը բացում են նրա առաջ զարմանահրաշ մի երկիր` ճարտարապետական փառահեղ կոթողներով. Գառնի, Գեղարդ, Զվարթնոց և այլ հուշարձաններ, և մի ժողովուրդ, որի պատմությունը լի է աղետներով ու կորուստներով։
Նոյի երկիրն ուխտատեղի է դառնում Վերֆելի համար։ Այստեղ նա ձգտում է ավելի շոշափելի դիտել աստվածաշնչյան առասպելի գաղտնիքները և այն առեղծվածը, թե ինչու Աստված ընտրեց Նոյին, և ինչու մարդկության փրկությունը տեղի ունեցավ հենց Արարատյան երկրում։ Միանգամայն միտումնավոր է կառուցված վեպի քրոնոտոպը, գլխավոր հերոսի տարածաժամանակային դեգերումները Վիեննա-Երևան կամ Եվրոպա-Արմենիա աշխարհագրական ուղեգծերում։ Արդյո՞ք Նոյի առասպելը չի հուշում՝ դարձյալ Արմենիայում որոնել աշխարհը կործանումից փրկելու երկրորդ տարբերակը։
Մինչդեռ Հանս Վերֆելը փրկության ուղիների առեղծվածն էր որոնում, նոր մտահոգությունների կծիկն է բացում 20-րդ դարի համաճարակը՝ ՁԻԱՀ-սպիդը, որի բուժման եվրոպական միջոցների շարունակության վրա առասպելական միջոց է ներկայանում «Արմենիկումը», դարձյալ շեշտելով Արարատյան երկրի առաքելությունը նոր աղետից մարդկությանը փրկելու գործում։
Սրանք պատահական անցումներ չեն և ունեն գաղափարական ենթիմաստ՝ ընդգծելու Արարատյան երկրի համաշխարհային նշանակությունը քաղաքակրթությունների պատմության մեջ։
Ասեմ, որ Արտեմ Սարգսյանն իր հերոսին չի պարփակում Աստվածաշնչյան կամ ավետարանական պատգամախոսի կրոնական դոգմաների իմացության շրջանակներում։ Նա լայն մտահորիզոնի մեջ է առնում հերոսի աշխարհայացքը, առնչում այն այլևայլ ուսմունքների և իմաստասերների գիտակցական ընկալումներին, հաղորդակցում հասարակական, բնապատմական ու տիեզերական տեսություններին և այդ ամենը ստուգաբանում աստվածաշնչյան առասպելների հայտնատեսությամբ։

Այս հատկանիշը առավելապես ընդգծվում է վեպի երկրորդ մասում, որտեղ սյուժեի զարգացումը բացառապես ընթանում է փրկության վարկածի հայտնաբերման ուղիների որոնմանը։ Որոնումների ընթացքն ամենուրեք ուղեկցվում է «Հայտնության» խորհուրդների պայծառատես հայացքով, ինչի մասին երազել են աշխարհի նշանավոր մարդիկ՝ Հովհաննես առաքյալից մինչև Դալայ Լամա, Մայր Թերեզա և ուրիշներ։ «Պետք է խորանալ բոլոր կրոնների հիմնարար սկզբունքների մեջ,- ասում է Հանս Վերֆելը։- Պետք է գտնել հաշտարար և ներդաշնակ աղերսներ... որոնցով մարդը մնում է մարդ, կյանքը բարեփոխվում է, սատանան կապանքվում» (306)։ Նրա որոնող միտքը կրոնը միացնում է գիտության հետ, դիտելով, որ մարդկությունը տեխնիկապես ահռելի առաջընթաց է կատարել, բայց խիստ նահանջել է բարոյականության, ազնվության և մարդկային նվիրական հատկանիշների ասպարեզում, հանգամանք, որ պարտադրում է «գիտական հիմունքներով» վերծանել «Աստվածաշնչի» յուրաքանչյուր տողը և նրա սուրբ պատվիրաններն ընդունել որպես կենսակերպ։
Այցը Երուսաղեմ նոր գաղափար է տալիս Վերֆելի որոնումներին։ Խորհրդավոր մի ծերունի հուշում է, որ «հավատքով, հավատքի ուժով պիտի լինի աշխարհի փրկությունը»։ Դրա համար խորհուրդ է տալիս վերստին կարդալու Սուրբ գիրքը, հատկապես Նոյին վերաբերող հատվածը։
Հանս Վերֆելին մնում էր աստվածաշնչյան առասպելի իսկությունը հաստատել գիտության օրենքներով։ Հանրային գրադարանում և գիտաինֆորմացիոն այլ կենտրոններում նա ուսումնասիրում է գիտական գրականություն, ուշադրության առնում հատկապես մայաների վիճակագրությունը չորրորդ և հինգերորդ ժամանակների մասին, ինչպես նաև փուլային աղետների, երկնային մարմինների շարժման կոռելյացիաների վիճակագրության վերաբերյալ, հանգելով այն եզրակացությանը, որ «եթե անգամ սպասվում է ջրհեղեղ, ապա այն չի լինի Նոյյան ջրհեղեղի սաստկությամբ»։
Հանսն արդեն համոզված է, որ Նոյյան քաղաքակրթությունը կործանվելու է, ինչպես կործանվել են նախորդ քաղաքակրթությունները։ Կլինի նոր ջրհեղեղ, բայց այդ պարագայում Արարատ լեռն այլևս ապաստան չի կարող լինել նոր քաղաքակրթության ընտրյալների համար, քանզի ինչպես մեկնաբանում է հայտնի ֆիզիկոսը, երկրի ընդերքի տաքության պատճառով բոլոր հրաբխալեռները, անգամ սառցակալած գագաթները ենթակա կլինեն հրաբխաժայթքումներին։ Այս պարագայում փրկության ապաստան կարող են լինել ցածրադիր լեռները։ Հանսի ճկուն միտքը իսկույն գտնում է փրկության վայրը՝ Արագածի գագաթը, և ներքուստ մարգարեանում, թե Նոյն առաջին ջրհեղեղի փրկության ընտրյալն է, ինքը կլինի երկրորդը. «Առաջին հերթին կվերցնեմ տնեցիներիս, բոլոր ազգականներիս, ծանոթներիս, բարեկամներիս և կգնանք այնտեղ, որտեղ ակնկալվող փրկության բանալին է, բարձրության վրա՝ երկնքին մոտ, Նոյի իջևանած երկրում» (417)։
Այն հարցին, թե գալիք համաշխարհային աղետից մարդկության փրկության միջոցը դարձյա՞լ լինելու է Արմենիայում, Հանս Վերֆելը պատասխանում է աներկմիտ. «Այո՛, ինչպես «Արմենիկումը» ՁԻԱՀ-ից փրկելու լավագույն միջոցն է, այնպես էլ Արագածը լինելու է փրկության լեռը» (417)։ Այս կետին է հանգում վեպի գաղափարը, որ ուղիղ գծով արտահայտում է Արտեմ Սարգսյանի ազգային բարձր գիտակցությունը։
Կատարելով իր հայտնությունը՝ Հանս Վերֆելը առասպելի կանխատեսությունը վերստին ստուգում է Հին ու Նոր կտակարանների մարգարեություններով՝ Դանիելից մինչև Տիմոթեոսի թուղթը։ Իսկ որ մարդկությունը հասել էր ծայրահեղ անկման և արդեն անխուսափելի էր Տիրոջ պատիժը, չափազանց որոշակի է ցուցված առ Տիմոթեոս թղթում. «Սա իմացիր, որ հետի օրերում չար ժամանակներ կգան։ Որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր» (43)։
Արտեմ Սարգսյանի թելադրանքով, Հանս Վերֆելը պիտի ասեր. «Բայց ինչով է տարբերվում մեր ժամանակների էությունից»։ ՈՒրեմն նոր ջրհեղեղն անխուսափելի է։ Եվ այսպես, իր որոնումներն ավարտելով փրկության ելքի հայտնությամբ, Հանս Վերֆելն առաջադրում է վերջնական բանաձևը. «Հավատը կփրկի մեր այս փոքրիկ մոլորակը»։
Իմ վերլուծականում ես հետևել եմ միայն գլխավոր հերոսի շարժման ուղեգծին, առկախ թողել դեմքերի, դեպքերի, միջադեպերի, կենցաղային-ընտանեկան, լրտեսական հետապնդումների, բարետեսական գործառնությունների, այլևայլ դիպվածների հիշատակությունը, պարզ գիտակցելով, որ բոլոր այդ երևույթները ենթարկված են գլխավոր հերոսի կերպարի բացահայտմանը։
Ասեմ, որ վեպը թարգմանաբար հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արժանացել բարձր արձագանքների։ Գերմաներեն հրատարակության առաջաբանի հեղինակ Ալ Դետիգոն գրում է. «Երբ կարդում էի Արտեմ Սարգսյանի «Փրկության բանալին», աչքերիս առջև գրքի հեղինակն էր, որը կարծես պատմության միջով շրջելով երկրից երկիր՝ գրի էր առնում իր ապրածը, տեսածն ու լսածը՝ ոգեշնչված այդ ամենը սերունդներին ավանդելու ազնիվ ցանկությամբ...» (3)։ Հիրավի, առկա է գրողի և հերոսի մի ուղղագիծ նույնաբանություն, որտեղ զուգահեռը հատվում է գաղափարի հեղինակային ասույթով։
«Փրկության բանալին» վեպը ինքնատիպ ու շեշտակի երևույթ է հայ գրականության մեջ, որպես գիտական վիպագրության նմուշ։ Կրկնեմ, որ ժանրային իր ձևույթով այն գիտաֆանտաստիկ է։ Արտեմ Սարգսյանը իրական-պատմականին հագցրել է գեղարվեստական շապիկ, աստվածաշնչյան առասպելը փոխաձևել ներկա իրականությամբ, հաստատելով պատմության կրկնության վարկածը։
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ